Սաուդցիները մտադիր էին Ռուսաստանին պատժել, բայց փորեցին ԱՄՆ-ի տակը. Տնտեսագետը՝ նավթի գների անկման մասին
Սաուդյան Արաբիան որոշել էր Ռուսաստանին պատժել այն պատճառով, որ ՕՊԵԿ-ի հետ գործարքը տապալվել էր: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Սուրեն Փարսյանը:
Նրա խոսքով՝ սաուդցիներն արդյունքում սկսեցին շուկայում իրացնել ահռելի քանակությամբ նավթ, ինչը հանգեցրեց մեծ գնանկման: Փարսյանը նշեց, որ դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն նավթի արտահանման տեմպերով բոլորին գերազանցում է: «ԱՄՆ-ն տարեկան արտահանում է 17,6 մլրդ բարել նավթ եւ այս ցուցանիշով բոլորին գերազանցում է: Արդյունքում սաուդցիների գործողությունների պատճառով նրանք բոլորից ավելի շատ տուժեցին»,- նշեց տնտեսագետը:
Ընդ որում՝ նա ընդգծեց, որ այս իրավիճակում Ռուսաստանը կարող է կանգուն մնալ բավականին երկար՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, քանի որ ՌԴ-ում նավթի արդյունահանման ինքնարժեքը զգալիորեն ցածր է, քան ԱՄՆ-ում, իսկ Սաուդյան Արաբիան, փորձելով Ռուսաստանին «պատժել», ամենից շատ հարվածեց իր գլխավոր դաշնակցի շահերին:
Տնտեսագետը նաեւ հիշեցրեց, որ նախօրեին շուկայի իրավիճակը կայունացել է, քանի որ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը համաձայնվել է եւս մեկ անգամ փորձել Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվել նավթի արդյունահանման մակարդակի նվազեցման շուրջ:
Նշենք, որ մարտի 9-ին նավթի գները 30 տոկոսով ընկել էին այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ն ու Ռուսաստանը չէին կարողացել պայմանավորվել արդյունահանման մակարդակի նվազեցման շուրջ: Սա 1991 թվականից ի վեր, երբ Պարսից ծոցում պատերազմ սկսվեց, գների ամենամեծ անկումն է: