Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ (Լուսանկարներ)
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որին կից գրել է, որ Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են քարոզչական այսպիսի վահանակներ։
Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն օրենքով նախատեսված եւ թույլատրելի վայրերում, որն ըստ էության չի ներառում մատնաշված տարածքը։
Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել այս խախտումները անհապաղ վերացնելու եւ քարոզչական պաստառներ ներառող վահանակները տեղադրողներին պարզելու ուղղությամբ»:
Վերոնշյալին անդրադարձել է նաեւ «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով.
«Հուսով եմ՝ հարցն այսօր կկարգավորվի եւ խախտումը կվերացվի։ Համենայն դեպս, փաստն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է խնդրին, եւ ինձ հավաստիացրել են, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցները՝ ուղղված խախտման վերացմանը»: