ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ հաստատել է Սահմանադրության փոփոխությունները
ՌԴ Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է Սահմանադրության փոփոխությունները, հաղորդում է Meduza-ն: Ավելի վաղ՝ մարտի 10-ին, երկրորդ ընթերցմամբ կատարվել է մոտ 390 փոփոխություն:
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ծրագրերի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր հունվարի կեսերին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: Ենթադրվում էր, որ փոփոխությունները կապահովեն «իշխանության ճյուղերի միջեւ մեծ բալանսը»:
Այն բանից հետո, երբ դրանք հավանություն կստանան խորհրդարանի վերին պալատի կողմից, ենթադրվում է համառուսական քվեարկություն անցկացնել, որը նշանակվել է ապրիլի 22-ին:
Մարտի 10-ին երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վալենտինի Տերեշկովան առաջարկել էր, որպեսզի գործող նախագահի համար հիմնական օրենքի նոր խմբագրման ուժի մեջ մտնելուց հետո զրոյանան նախագահական ժամկետները: Պուտինը համաձայնել է պայմանով, որ նման փոփոխությունը հավանության կարժանանա Սահմանադրական դատարանի կողմից: