Ստամբուլում մարտի 17-ին Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ գագաթաժողով կանցկացվի՝ միգրանտների հարցով
Ստամբուլում մարտի 17-ին Ֆրանսիայի, Գերմանիայի եւ, հնարավոր է, նաեւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ գագաթաժողով կանցկացվի՝ միգրանտների հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան առայժմ չի դիտարկում դեպի Եվրոպա իր սահմանները փակելու հարցը, եւ որ Հունաստանը պետք է բացի իր սահմանները։
Էրդողանը նաեւ ասել է, թե Բրյուսելում բանակցությունների ժամանակ ԵՄ առաջնորդները խոստովանել են, որ Թուրքիան կատարել է 2016թ․ համաձայնագրի իր պարտավորությունները՝ նշելով, որ «ԵՄ-ն դանդաղ էր շարժվում» իր պարտավորությունները իրականացնելիս։ Մենք կարող ենք նոր գործընթաց սկսել ԵՄ-ի հետ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու»-ն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է դադարեցնի միլիոնավոր միգրանտների օգնությամբ «կապել Թուրքիային»։ Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է նախաձեռնի «անկեղծ» քայլեր, որպեսզի օգնի Թուրքիային կառավարել միգրանտների հոսքը, այդ թվում սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու միջոցներ ապահովի։ Չավուշօղլուն ասել է, որ կողմերը կաշխատեն Թուրքիա-ԵՄ համաձայնագրի «թարմացման» ուղղությամբ՝ վերջին իրադարձություններին, այդ թվում Իդլիբում իրավիճակին համապատասխան։
Նախարարը հայտարարել է, որ կողմերը կձգտեն մինչեւ մարտի 26-ի ԵՄ գագաթաժողովը «ճանապարհային քարտեզ» կազմել։