Կոնգոյում Էբոլա տենդի նոր բռնկման ռիսկ կա. ԱՀԿ
Ապրիլի 12-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սպասվում է Էբոլա համաճարակի պաշտոնական ավարտը, սակայն դեռ վաղ է հաղթանակը տոնելու համար, քանի որ նոր բռնկման վտանգ կա: Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՀԿ-ի`արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերով գլխավոր տնօրենի օգնական, դոկտոր Իբրահիմ Սոսե Ֆալը:
Ապրիլի 12-ին լրանում է Էբոլա տենդով հիվանդացած կնոջ` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 42-րդ օրը: Այս ժամանակահատվածը հավասար է երկու 21-օրյա ինկուբացիոն ժամանակահատվածների: Համարվում է, որ այս ժամանակահատվածից հետո հնարավոր է պաշտոնապես հայտարարել Կոնգոյում էբոլայի համաճարակի ավարտի մասին, որը սկսվել էր 2018 թվականի օգոստոսին: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Դոկտոր Ֆալը, հարկավոր է գտնվել «ակտիվ արձագանքման վիճակում» եւ «պատրաստ լինել հիվանդության նոր դեպքերին»:
Մասնագետը 4 փաստարկ է բերել՝ հիմնավորելով իր զգուշավորությունը: Նախ, սա ծանր իրավիճակ է անվտանգության ոլորտում, որի պատճառով էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը կարող է տարածվել «այն խմբերի սահմաններից դուրս, որոնց նկատմամբ հնարավոր է մոնիտորինգը»:
Երկրորդ, վիրուսը կարող է «մի քանի շաբաթ շարունակ պահպանվել օգտագործված ասեղների, ներարկիչների եւ փորձապակիների վրա»:
Երրորդը, վիրուսը կարող է «երկար ամիսների ընթացքում մնալ Էբոլայից ապաքինված մարդկանց մարմնի հեղուկներում եւ կարող է փոխանցվել նաեւ վերականգնվելուց հետո»: Ավելին, հազվադեպ, սակայն հնարավոր է նաեւ հիվանդանալ երկրորդ անգամ: Նման դեպք արդեն գրանցվել է այս համաճարակի ժամանակ:
Չորրորդ, Էբոլայի բնական կրողներն են համարվում կենդանիները, եւ նրանց միջոցով մարդիկ կարող են նորից վարակվել:
Մասնագետը նաեւ նշել է, որ Էբոլայի նկատմամբ հաղթանակին կարող է խոչընդոտել ֆինանսական միջոցների պակասը. այս պահին բյուջեում 20 միլիոն դոլար է պակասում հիվանդության դեմ պայքարի համար: