Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել ՕՊԵԿ+ համաձայնագիրը գործող պայմաններով
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել ՕՊԵԿ+ համաձայնագիրը գործող պայմաններով : Նրա խոսքով՝ համաձայնագրից դուրսբերման սցենարը մշակվում է, հաղորդում է Կոմերսանտը:
Հիշեցնենք, որ նավթի գները նվազել են 30 տոկոսով, համաշխարհային առաջատար ինդեքսները՝ 5-10 տոկոսով:
«Ռուսական նավթային ոլորտը որակյալ ռեսուրսային բազա եւ ֆինանսական կարողություններ ունի, որպեսզի մրցունակ մնա նավթի գների ցանկացած մակարդակի դեպքում, ինչպես նաեւ պահպանի շուկայում իր մասնաբաժինը»,- ասել է Նովակը:
Նա հայտնել է, որ ռուսական կողմն առաջարկել է երկարաձգել ՕՊԵԿ+ համաձայնագիրը գործող պայմաններով: Սակայն ՕՊԵԿ գործընկերները որոշում են կայացրել նավթի արտահանման մեծացման մասին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՕՊԵԿ+ մասնակից երկրները չեն կարողացել համաձայնության հասնել նավթի արտահանման կրճատման շուրջ: Մինչեւ ամսվա վերջ գործում է օրական 1,7 մլն բարելով կրճատման մասին համաձայնագիրը: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ապրիլի 1-ից երկիրն այդ հարցով որեւէ պարտավորություն չունի: Այդ ֆոնին առաջատար ասիական ինդեքսները նվազել են 3–5%, եվրոպական ինդեքսները 6–10,5%-ով, ամերիկյան ինդեքսները՝ մոտ 7%-ով: