Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, գրանցվել է 237 մահվան դեպք: Այս տվյալները երկուշաբթի օրը հայտնել է հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիյանուշ Զահանպուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 7161 դեպք»,- մեջբերում է IRNA-ն Զահանպուրի խոսքերը: Նա հավելել է, որ 237 մարդ մահացել է: Ավելի վաղ հաղորդվում էր վարակվածության 6566 եւ 194 մահվան դեպքի մասին:
Ըստ Tasnim գործակալության, երկուշաբթի Թեհրանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի քաղաքական հարցերի բաժնի ղեկավարի նախկին տեղակալ Ֆարզադ Թազարին: Շաբաթ օրը IRNA-ն հաղորդել է Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆաթեմա Ռահբարի մահվան մասին: