Նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը կարող է ագրեսիվանալ գների անկման հետևանքով. Անդրանիկ Թևանյան
Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետեւանքով, բայց դա չպետք է մեզ թուլանալու եւ ուրախանալու առիթ տա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը` անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը;
«Նավթ եւ քաղաքականություն. ի՞նչ է սպասվում նավթի գների անկման արդյունքում
Նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումները, որպես կանոն, զուգահեռվում են քաղաքական կտրուկ տատանումներով։
Այսօր այդ կտրուկ տատանումն արձանագրվել է։ 1 բարելի դիմաց «բրենտ» տեսակի նավթի գինը միանգամից իջել է 14 դոլարով։ Պատճառն այն է, որ ՕՊԵԿ–ի անդամ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկի ծավալը մեծ է լինելու, ինչն էլ շուկայական օրենքներով՝ հանգեցրել է գնի անկման։ Ֆյուչերսային գործարքները կնքվում են այն հաշվարկով, որ գինն ընկնելու է, ինչն էլ իր հերթին բերում է որոշակի խուճապի ու գնի է՛լ ավելի անկման։
Նավթի գնի անկման արդյունքում, օրինակ, ռուբլին դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվել է։ ՌԴ–ն տարբեր հաշվարկներով օրական 100–ից 150 միլիոն դոլար կարող է կորցնել նավթի գների այսպիսի կտրուկ իջեցման պատճառով։
Կանխատեսվում է, որ նավթի գինը կարող է իջնել մինչեւ 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Ռուսական ռուբլու թուլացումը եւ ՌԴ տնտեսության ստանալիք հարվածներն ազդելու են մեր տնտեսության վրա նախեւառաջ այն պատճառով, որ մասնավոր դրամական փոխանցումները կամ ավելի պարզ լեզվով ասած՝ խոպանչիների ուղարկած փողերը հիմնականում Ռուսաստանից են։
Նավթի գինը մեզ այլ առումով էլ պետք է հետաքրքրի։ Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետեւանքով, բայց դա չպետք է մեզ թուլանալու եւ ուրախանալու առիթ տա։ Ճիշտ հակառակը՝ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը կարող է ագրեսիվանալ գների անկման հետեւանքով։ Պետք է, հետեւաբար, ավելացնել զգոնությունը։
Եվ այսպես, համաշխարհային տուրբուլենտության նոր փուլ ենք մտնում։ Նաեւ կորոնավիրուսի գործոնը հաշվի առնելով։ Վիրուսն, ի դեպ, կարող է այնպես փլուզել տուրիզմի, ավիափոխադրումների, վառելիքի, սննդի եւ այլ շուկաները, որ 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը փոքրիկ ցնցում թվա»,- գրել է նա։