«Иванушки International» հայտնի խումբը՝ Երևանում (Տեսանյութեր)
22 տարի անց ռուսական ամենահայտնի ու մինչ օրս պահանջված խմբերից մեկը՝ «Иванушки International»-ը համերգային ծրագրով հանդես եկավ Երեւանում: Խմբի համերգը, որը տեղի ունեցավ երեկ` մարտի 8-ին, Dvin Music Hall-ում, նվիրված էր Կանանց միջազգային օրվան: 90-ականների ամենահայտնի բենդի երկու անդամները՝ Անդրեյ Ապոլոնովը եւ Կիրիլ Անդրեեւվը ջերմորեն էին հիշում իրենց նախորդ այցը, մինչդեռ 2013-ից խմբին միացած Կիրիլ Տուրիչենկոյի համար սա երեւանյան առաջին այցն էր, բայց երգիչը ոչ պակաս ոգեւորված էր:
Համերգի սկզբում արտիստները շնորհավորեցին դահլիճում ներկա բոլոր կանանց եւ աղջիկներին, այնուհետեւ կիսվեցին Երեւանից ստացած իրենց տպավորություններով
«Ավելի, քան 20 տարի Երեւանում չենք եղել, տեսնում ենք՝ բոլորդ արդեն մեծացել եք»,-կատակեցին նրանք,-«Իսկապես, հրաշալի է, որ այստեղ ենք, այն էլ՝ այս գեղեցիկ տոնին: Մեզ շատ ջերմ են ընդունել, եղանակն էլ այնքան դուրեկան է, մարդիկ լավն են, գեղեցիկ ու բարի: Այսօր փորձելու ենք բոլորիդ վերադարձնել 90-ականներ՝ դեպի մանկություն, երբ դեռ դպրոցում էիք սովորում: Իսկ պարելը պարտադիր պայման է»:
Երգիչները ստիպված չէին հանդիսատեսին երկար համոզել պարել: Առաջին իսկ երգից սկսած մինչեւ վերջին կատարումը կարոտած երկրպագուները ձայնակցում էին սիրելի խմբին, անգիր երգում բոլոր ստեղծագործությունները, պարում եւ ակտիվորեն արձագանքում արտիստների կատակներին:
Իսկ «Иванушки International»-ին, իսկապես, հաջողվեց հավաքվածներին տանել տարիների ճանապարհորդության: Նրանք կատարեցին իրենց երգացանկի ամենահիթային ստեղծագործությունները՝ «Тучи», «Кукла», «Билетик в кино», «Тополиный пух», «Реви», «Снегири», «Колечко» եւ այլն:
Ավելի մանրամասն՝ News.am Stile-ի պատրաստած ռեպորտաժում: