Ողբերգական վթար Երեւանում. բախվել են Nissan-ը, Mercedes-ը, Toyօta-ն, Honda-ն. կա 2 զոհ, 2 վիրավոր (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յ.-ի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կ.-ի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի եւ 33-ամյա Արսեն Սողոմոնյանի վարած Honda մակնիշի 07 TՏ 010 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Արսեն Սողոմոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 34-ամյա Արթուր Հ.-ն ու մյուս ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ժամը 01։45-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։