Մարդիկ, որոնցից ծխախոտի ծխի հոտ է գալիս, շրջապատողների համար վտանգավոր են. հետազոտություն
Ծխախոտի ծխի մասնիկները մնում են ծխողների հագուստի եւ մաշկի վրա, որոնք հետո արտազատվում են շրջակա միջավայր: Եթե մարդը, որից ծխախոտի ծխի հոտ է գալիս, մտնում է սենյակ, որտեղ չեն ծխում, նրա վրայի ծխախոտի այրման վնասակար արգասիքների խտությունը կարող է բավարար լինել մարդկանց առողջությանը սպառնալու համար: Այս մասին նշված է Science Advances-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Երրորդական ծխել են անվանում մարդկանց վրա ծխախոտի ծխի նյութերի ազդեցությունը, որոնք մնում են պատերին, կահույքի, հագուստի եւ այլ իրերի վրա: Պարզվել է, որ նույնիսկ սենյակում, որտեղ ոչ ոք չի ծխել, կարելի է ենթարկվել մեծ թվով վտանգավոր քիմիական միացությունների ազդեցությանը, եթե այնտեղ է մտել կարճ ժամանակ առաջ ծխած մարդը:
Ինչպես պնդում է հետազոտության ղեկավար Դրյու Ջենթները, չի կարելի խոսել ծխախոտի ծխի պոտենցիալ ազդեցությունից որեւէ մեկի առողջության պաշտպանված լինելու մասին, նույնիսկ եթե մարդիկ չեն ծխում եւ պասիվ ծխելու չեն ենթարկվում:
Գիտնականները մեկ շաբաթ բարձրզգայունության սարքերով չափել են կինոթատրոնի օդում օրգանական միացությունների խտությունը, որտեղ արդեն 15 տարի ոչ ոք չէր ծխել: Հանդիսատեսի գալուն պես օդի մեջ կտրուկ ավելացել է զանազան թռչող օրգանական միացությունների պարունակությունը, որոնք պարունակվում են ծխախոտի ծխի մեջ: Հատկանշական է, որ պարունակությունն աննշան է մեծացել, եթե ցուցադրվել են G վարնաիշի ֆիլմեր (առանց տարիքային սահմանափակումների), ի տարբերություն R վարկանիշի ֆիլմերի (մինչեւ 17 տարեկան երեխաների մուտքն առանց ծնողների արգելված է):
Հատկանշական է նաեւ այն, որ ծխած մարդկանց սենյակ մտնելուց հետո առողջության համար վտանգավոր նյութերի արտանետումները համարժեք էին մեկ ժամվա ընթացքում պասիվ ծխելու դեպքում 1-ից մինչեւ 10 ծխախոտի վնասակար ազդեցությանը: Դրանք օդի մեջ առավելագույնի էին հասնում հանդիսատեսի գալով եւ աստիճանաբար նվազում նրանց հեռանալով, բայց ամբողջությամբ չէին անհետանում: Ավելին՝ դատարկ կինոթատրոնում մշտական աղտոտվածությունը մնում էր հաջորդ օրերին:
Հետազոտության հեղինակները նշել են, որ կինոթատրոնը, որտեղ հետազոտությունն անցկացվել է, լավ օդափոխվել է: Իսկ ահա տարածքներում, որոնք ավելի վատ են օդափոխվում (հասարակական տրանսպորտում, բարերում, գրասենյակներում եւ տներում), երրորդական ծխի նման արտանետումները կբերեն այդ միացություններից շատերի զգալիորեն ավելի բարձր խտությունների: