«Ընտրեք՝ ում ուզում եք, բայց եկե՛ք լինենք միակամ, թույլ չտանք՝ մեզ պառակտեն». Վիտալի Բալասանյան (Լուսանկարներ)
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումները շարունակվում են։
«Արցախի հարցը տարիներով փորձ է արվել լուծել ռազմական ճանապարհով՝ դեռեւս նախորդ դարի 20-ական թվականներից։ Նույն փորձը կատարվեց 1988-ին, երբ մեր ժողովուրդն ազգային զարթոնք ապրեց եւ ոտքի կանգնեց»,- հայտարարեց Բալասանյանը մարտի 6-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Շոշ, Ջրաղացներ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ընդ որում, Բալասանյանը հանդիպումը սկսեց բնակիչների հետ անմիջական հարցուպատասխանով՝ նշելով, որ ուզում է խոսել այն մասին, ինչն իրապես այսօր հուզում եւ հետաքրքրում է մարդկանց։ Պատասխանն, ինչպես գրեթե բոլոր հանդիպումներում է, այն էր, որ առաջնայինն, իհարկե, բոլորի համար Արցախի անվտանգությունն է։
Բալասանյանը հավաքվածներին հիշեցրեց, որ Ասկերանը եղել է Արցախյան գոյամարտում ամենակազմակերպված շրջաններից մեկն՝ իր թիկունքով եւ զորքով, որտեղ բնակչությունը շատ արագ, պայքարի հենց առաջին օրերից, մեկ բռունցք դարձավ եւ արժանի հակահարված տվեց ադրբեջանցիների նախահարձակ գործողություններին։
«Ուզում եմ այժմ էլ նման համախմբվածություն դրսեւորենք, լինենք կուռ մեր շարքերում։ Ցավում եմ, շատ եմ ցավում, բայց վերջին տարիներին Արցախում պառակտիչ գործողություններ են արվել, այժմ էլ արվում են, ինչը շատ վտանգավոր է։ Մենք եւս մեղավոր ենք դրանում, թույլ ենք տվել նախորդ տարիներին, նախորդ ընտրություններում եւս տարանջատել «սրա մարդը», «նրա մարդը» թիմերի։ Ընդհուպ՝ գյուղապետի ընտրություններում։ Չպիտի՛ թույլ տայինք։ Ամեն մեկն ունի ազատ ընտրության իրավունք, եւ դա համայնքը խմբերի բաժանելու պատճառ չպետք է լինի։ Վտանգավոր է, ընտրեք՝ ում ուզում եք, բայց եկե՛ք լինենք միակամ, միասնաբար պայքարենք մեր խնդիրների լուծման համար»,- ասաց Բալասանյանը։
Նախագահի թեկնածուն կրկին ու կրկին բոլորին կոչ արեց՝ ընտրության գնալիս, հիշել, որ, այո՛, այսօր էլ մեր պայքարը հանուն Արցախի անվտանգության շարունակվում է, եւ այս ընտրությունն այդ առումով էլ վճռորոշ է լինելու: