Էրդողանն աշխատանքային այցով Բրյուսել կուղևորվի՝ միգրանտների հոսքով պայամանվորված ԵՄ-ի հետ կոնֆլիկտի ֆոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է երկուշաբթի աշխատանային այցով Բրյուսել ուղեւորվել՝ հունա-թուրքական սահմանին կուտակված միգրանտների եւ փախստականների հարցում ԵՄ-ի հետ կոնֆլիկտի ֆոնին, հայտնում է Associated Press-ը:
Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ չի նշվում, թե Թուրքիայի նախագահն իր այցի միակ օրը կոնկրետ որտեղ է անցկացնելու, սակայն ԵՄ կենտրոնակայանը հենց Բրյուսելում է:
Էրդողանի առաջիկա այցի մասին տեղեկությունը բարձրաձայնվել է Խորվաթիայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, որոնք նրան քննադատել էին «միգրանտների հուսահատությունը քաղաքական նպատակներով օգտագործելու» համար:
Հիշեցնենք, որ հունա-թուրքական սահմանին լարվածությունն առաջացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության պատճառով, որ ինքը «դռները բացում է», քանի որ Թուրքիան այլեւս չի կարող հաղթահարել սիրիական Իդլիբից փախստականների խնդիրները: