Թրամփն անսպասելի պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մալվանիին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մալվանիին՝ այս պաշտոնում նշանակելով կոնգրեսական եւ իր վաղեմի դաշնակից Մարկ Մեդոուզին:
ԱՄՆ նախագահն այս անսպասելի փոխարինման մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ուրախությամբ հայտարարում եմ, որ կոնգրեսական Մարկ Մեդոուզը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը: Ես վաղուց եմ ծանոթ եւ աշխատում Մարկի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Ընդ որում՝ նա նաեւ հայտնել է Մալվանիի նոր նշանակման մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող ղեկավար Միկ Մալվանիին աշխատակազմում այդպիսի լավ ծառայության համար: Նա կդառնա Հյուսիսային Իռլանդիայում ԱՄՆ հատուկ դեսպանորդը»,- հավելել է Դոնալդ Թրամփը: