Պուտին–Էրդողան հանդիպան արդյունքը պարտություն էր Թուրքիայի համար. թուրքագետ
Մոսկվայում ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման պարտվողը Թուրքիան էր։ NEWS.am–ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով մարտի 5–ին տեղի ունեցած Պուտին–Էրդողան հանդիպման արդյունքում ձեռքբ բերված զինադադարի համաձայնությունը ամրապնդեց Սիրիայի նախագահի դիրքերը։ Ըստ Իսպիրյանի՝ կողմերից ամենածանր իրավիճակում հայտնվել էր Թուրքիան՝ կորցնելով մեծ քանակությամբ զինտեխնիկա եւ տալով մոտ 5 տասնյակ զոհ վերջին մեկ ամսում, սակայն այս ամենի դիմաց չստանալով ոչ մի բան։
« Իդլիբում Թուրքիայի կրած կորուստները Թուրքիայի համար միջազգային հանրության մոտ թողեցին պարտվողի տպավորություն։ Նույնիսկ Թուրքիայի հասարակությունը չողջունեց Իդլիբ թուրքական ուժերի մուտքը եւ ռազմական գործողություններին մասնակցելը։ Եթե նախկինում թուրքական հասարակության 70–ից 80 տոկսը կողմ էր Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն, ապա Իդլիբի հարցում այդ թիվը դարձել է ընդամենը 30 տոկոս։ Իսկ Պուտին–Էրդողան հանդիպման արդյունքը ավելի վատ ազդեցություն թողեց թուրքական հասարակության մոտ, քանի որ այդքան զոհերից հետո Ասադի ձեռք բերված տարածքային առավելությունը ամրագրվեց հրադադարով։
Թուրքական հասարակության զգալի հատվածի ընկալումը Պուտին–Էրդողան հանդիպումից կարելի է բնութագրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահի խոսքով, թե վատ պայմաններով ձեռք բերված խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պայմաններով պատերազմը»,–նշեց Իսպիրյանը։
Թուրքագետը, անդարադառնալով Սիրիայի ձեռքբ բերած հաջողությանը, շեշտեց, որ այս հրադարարով «օրինականացվեց» Սոչիի համաձայնագրից հետո Սիրիայի կառավարական ուժերի կողմից Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալներից նոր տարածքների ազատագրումը։
«Եթե մինչեւ Պուտի հետ հանդիպումը, Թուրքիայի նախագահը պնդում էր, թե Սիրիայի կառավարական ուժերը անպայման հետ են գնալու Սոչիի համաձայնությամբ նախատեսված սահմանները, ապա հանդիպումից հետո ուղղակի հայտնեց, որ հրադադարը ավելի է ամրացնում Թուրքիայի անվտանգությունը՝ փաստացի հետքայլ անելով իր իոսկ խոսքերից։
Ինչ վերաբերվում է ՌԴ–ի դիրքերին, ապա հատկանշական է Պուտինի հայտարարությունը, որ որ շարունակվելու են ահաբեկիչների դեմ անզիջում պայքարը, ինչը ուղիղ ձեւով եւս մեկ զգուշացում է Թուրքիային՝ հրաժարվել ահաբեկիչներին աջակցելուց։
Բացի այդ, Թուրքիան դե յուրե ընդունեց Ասադի իշխանությունը՝ ստորագրելով համաձայնագրի տակ, որում նշվում է, որ կողմերը պարտավորվում են հարգել Սիրիայի արաբական հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այսինքն, եթե մինչ այս Թուրքիան մշտապես Սիրիայի իշխանություններին անվանում էր «ռեժիմ» հիմա ստիպված է եղել ընդունել Սիրիայի արաբական հանրապետություն արտահայտությունը, որը Թուրքիայում մեծ արձագանք է գտել»,–ամփոփեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։