«Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերայով նշվել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տարեդարձը (Լուսանկար)
Մարտի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ասկերանի փամփուշտը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1988-ի փետրվարի 22-ի Արցախյան պայքարի մեկնարկին։ Այդ օրերին էր, որ հետո արդեն Արցախի հերոսի կոչում ստացած Վիտալի Բալասանյանը՝ եղբոր եւ մի քանի համաքաղաքացիների հետ կասեցրեց ադրբեջանական խաժամուժի հարձակումը։
Ֆիլմի շնորհանդեսից զատ, ներկայացվեց նաեւ Արցախի նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության եւ Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի քարոզարշավի երգը։
Ներկա էին 1988-ի փետրվարյան այդ դեպքերի ականատեսներ եւ բազմաթիվ այլ հյուրեր, Վ. Բալասանյանի աջակիցներ, ընտրողներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան եւ այդ օրերի մասին պատմեցին գեներալ Արմեն Ղահրամանյանը, գնդապետ Գրիգորի Գասպարյանը, Ասկերանի շրջանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ականատեսները վերհիշեցին, թե ինչպես սկսվեցին եւ զարգացան այդ վճռորոշ իրադարձությունները, որոնք դարձան հաղթական պայքարի մեկնակետը։
Ֆիլմի դիտումից հետո ողջույնի եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ Վիտալի Բալասանյանը, որն այսօր նշում էր իր տարեդարձը։ Այդ առիթով եւս միջոցառմանը հնչեցին բազմաթիվ շնորհավորական եւ ջերմ խոսքեր։