Իննա Խոջամիրյանի՝ ներքնազգեստների բրենդ ստեղծելու որոշումն ու Վիկտորիա Սահակյանի հետ համագործակցությունը
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրերս ներկայացրել է իր բրենդային ներքնազգեստների հավաքածուն, որի ֆոտոշարքն արդեն մի քանի օր է՝ համացանցի ուշադրության կենտրոնում է: Դերասանուհու բրենդի դեմքը դարձել է «Երկուսով» հեռուստասերիալի իր գործընկերուհին՝ Վիկտորիա Սահակյանը:
Բիզնեսով զբաղվելու որոշման, Վիկտորիայի հետ համագործակցության եւ ոլորտի հետ կապված առաջիկա ծրագրերի մասին Իննան պատմել է NEWS.am STYLE-ի հետ նոր հարցազրույցում: Դերասանուհին նաեւ մեզ է տրամադրել Վիկտորիայի հետ իրականացրած ամբողջական ֆոտոշրքը, որի հեղինակը լուսանկարիչ Lon-ն է:
Անդրադառնալով ներքնազգեստների հավաքածու ստեղծելու գաղափարին՝ Իննան նշեց, որ մեկ տարուց ավել է, ինչ մտածում էր որեւէ նորությամբ հանդես գալու մասին
«Ինչ գաղափար ասես՝ չի անցել մտքովս` խանութ, գեղեցկության սրահ, փափուկ խաղալիքներ, ատելյե, մանկական զարգացման կենտրոն: Սակայն շատ ուզում էի անկախ մասշտաբից՝ այնպիսի նոր գործ սկսել, որն ինձ անձնապես կհետաքրքրեր ու տեղ կտար ստեղծագործելու, չոր բիզնեսն իմը չէ` համենայն դեպս առայժմ: Ներքնազգեստի բրենդ ստեղծելը չափազանց սպոնտան գաղափար էր, սպոնտան` ոչ գործնական պայմաններում»,-ասում է դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Մանեին: Նրա հերոսուհին մոդել է, եւ մոդելային ասպարեզին ֆիլմում բավական մեծ տեղ է հատկացված: Հարցին արդյոք իր հերոսուհու կերպարը հանդիսացե՞լ է ոգեշնչում՝ նորաձեւության ասպարեզում բիզնես սկսելու համար, Իննան պատասխանեց.
«Մանեի նախասիրություններն ինձ հետ կապ չունեն, ես, ցավոք, նորաձեւության աշխարհին սերտ ծանոթ չեմ...Երեւի թե իմ պրոֆիլը չէ. սիրում եմ գեղեցիկն ու նորաձեւը, այն աչքիս հաճելի ու էսթետիկ է, բայց նոր -նոր եմ սկսել «ընկնել» նորաձեւության վազքի մեջ»:
Իննայի խոսքով՝ ներքնազգեստն իր թուլությունն է, քանի որ դերասանուհին կարծում է՝ այն ուղիղ առընչություն ունի կանացիության ու ինքնագնահատականի հետ.
«Ամեն ներքնազգեստի հետ դու յուրովի ուրիշ ես. գեղեցիկը կրելիս ավելի գեղեցիկ ես զգում քեզ, նուրբը կրելիս՝ նուրբ, համարձակը կրելիս` համարձակ, գունավորը կրելիս` ավելի կայտառ եւ այլն: Եվ ամենեւին կապ չունի, որ դա ոչ ոք չի տեսնում»,-ասում է նա.
Անդրադառնալով Վիկտորիա Սահակյանին՝ որպես հավաքածուի դեմք ընտրելու որոշմանը, Իննան նշում է.
«Վիկտորիային առաջարկելու գաղափարը անսպասելի ծնվեց: Հավանական մոդելների տարբերակներում ինձ առաջարկեցին Վիկտորիային, երբ նա դեռ մեր հեռուստասերիալում չէր նկարահանվում: Երկու շաբաթ անց գնացի աշխատանքի, տեսնեմ նոր դերասանուհի ունենք` ոչ այլ ոք` Վիկտորիան: Մտածեցի՝ սա է, որ կա, ազդանշան էր, նրան եմ նկարելու: Վիկտորիան էլ իր հերթին ադեկվատ ու պրոֆեսիոնալ մոտեցավ հարցին. մենք ոչ մի վուլգար ու գռեհիկ էլեմենտ չենք ներառել գործընթացի մեջ, չոր գովազդ չենք նկարել` ստեղծագործել ենք»:
Մի քանի օր է, ինչ դերասանուհու բենդը օնլայն շուկայում է, բայց նրա խոսով՝ արձագանքներն արդեն բուռն են. պատվերները՝ եւս.
«Դրա համար անչափ ուրախ եմ, ոգեւորված եւ շնորհակալ: Վատ արձագանքներն, ինչ խոսք, եւս սպասելի էին. ես հանձն եմ առել գործ սկսել շատ կամակոր ու վտանգավոր ոլորտում, որը հայկական կարծրատիպային իրականության մեջ սահմանային է ու կտրուկ: Չեմ ժխտում՝ շատ ու շատ բացասական արձագանքներ կան, մասնավորապես՝ մոդելի հետ կապված` բաց կամ թափանցիկ ներքնազգեստով համարձակ լուսանկարների համար, գռեհիկ գրառումների հետ էլ ենք բախվում: Բայց գործը 1 նժար չի կարող ունենալ, 2-րդ հակակշռող նժարն անհրաժեշտ է ճիշտ բալանսի գալու համար: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ գաղափարս ոչ մի վուլգար էլեմենտ չի կրում, ես՝ ինքս, առաջնահերթ դեմ եմ դրան»:
Իննա Խոջամիրյանն այն դերասանուհիներից է, որն առանձնանում է բարձր հասակով եւ սլացիկ կազմվածքով, սակայն իր իսկ բրենդի գովազդային դեմքն առայժմ չի շտապում դառնալ.
«Ես այդքան էլ համարձակ չեմ ներքնազգեստով լուսանկարվելու համար. դա մեծ կամքի ուժ եւ պատրաստակամություն է ենթադրում: Մոտ ապագայում նախագծում ենք նաեւ գիշերազգեստի հավաքածու բաց թողնել, գուցե որոշեմ այդ հավաքածուն ինքս ներկայացնել: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»:
Դերասանուհին նաեւ պատմեց, որ դժվարություններն այս ասպարեզում եւս չեն շրջանցել իրեն սկզբնական փուլում.
«Ամեն բան հեշտ է թվում, երբ դու դեռ չսկսած պատկերացնում ես գեղեցիկ արդյունքը: Անասելի մեծ դժվարությունների եմ բախվել այս շրջանում. տարրականը` որոշեցինք փորձանմուշներ կարել Հայաստանում առկա կտորներից, պարզվեց՝ Հայաստանը կաղում է կտորի հարցում, մեր էսքիզավորած մոդելների մեծամասնության համար պարզապես նյութ չգտանք, որոշեցի մեկնել Չինաստան` նյութը ներկրելու, Չինաստանում կարանտին հայտարարվեց՝ կորոնավիրուս ախտորոշումով... Մանրից մինչեւ մեծագույն դժվարություններ, եւ ամեն մեկից հետո թեւաթափ ես լինում. մտածում ես՝ «սա դեռ ընդամենը օնլայն միկրոքայլ է, եթե արդեն մեծ մասշտաբի անցնեմ, ինչերի՞ եմ բախվելու…»,-անկեղծանում է Իննան՝ պատմելով նաեւ արտադրության գործընթացի մանրամասները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: