«Մեդիա պաշտպանը» արձանագրում է, որ Հանրային հեռուստաընկերությունը «ԱՅՈ» շտաբի թաքնված գովազդ է իրականացրել
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությանը պահպանել անկողմնակալությունը եւ ապրիլի 5-ին նախատեսված սահամանադրական հանրաքվեի քարոզարշավը լուսաբանել հավասարության եւ մասնագիտական էթիկայի պահպանման սկզբունքներին համահունչ։ Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Փետրվարի 27-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 160 րոպե 16 վայրկյան, որից 19 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 38 րոպե 41 վայրկյան ՝«ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 101 րոպե 50 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաեւ «ԱՅՈ»-ի եւ «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչեւ 1 րոպե։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ Հանրային հեռուստաընկերությունը «ԱՅՈ» շտաբի թաքնված գովազդ է իրականացրել։ Հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել «ԱՅՈ» տարբերանշանի իրական հեղինակների մասին, որը երկու օր` փետրվարի 27-ին եւ 28-ին տարբեր ժամերի հեռարձակվել է լուրերի թողարկման ընթացքում։ «ՈՉ» քարոզչական կողմի համար նմանատիպ որեւէ ռեպորտաժ չէր առանձնացվել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրել է նաեւ, որ եթեր է տրամադրվել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին, որն անդրադառնալով Սահմանադրական դատարանին, նշել էր, որ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել ԲԴԽ-ի հետ կապված։ Ռեպորտաժում հակառակ որեւէ կարծիք ներկայացված չի եղել։ Սա եւս մասնագիտական էթիկայի խախտում է եւ հանրաքվեին նախորդող ժամանակահատվածում ՍԴ֊ի դեմ նման միակողմանի հարցազրույցը պետք է դիտարկել իբրեւ «ԱՅՈ»֊ի քարոզչություն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությանը պահպանել անկողմնակալությունը եւ ապրիլի 5-ին նախատեսված սահամանադրական հանրաքվեի քարոզարշավը լուսաբանել հավասարության եւ մասնագիտական էթիկայի պահպանման սկզբունքներին համահունչ»։