«Երկուսին թույնել են, մեկի փորը դանակով բացել». դաժան հաշվեհարդար կենդանիների հանդեպ (Լուսանկարներ)
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ հաշվեհարդարի դեպքերը շարունակվում են: Այս անգամ ահազանգում են «Քյուպիդ Կացարան»-ի հիմնադիրներ Մուշեղ Չագլասյանն ու Արմինե Հովհաննիսյան:
EcoNews.am-ի հետ զրույցում Մուշեղ Չագլասյանը նշեց. «Փոքր հողատարածքի վրա 6 շուն էինք պահում: Երեկ եկանք, տեսանք երկուսին թույնել են, այսօր էլ՝ մեկի փորը դանակով բացել են ու գնացել: Երեկ էլ եմ դիմել ոստիկանություն, այսօր էլ եմ կանչել: Կենդանուն նույն ձեւով թողել, գնացել են: Մեր տարածքը փակ է, պարսպով է, մտել են մեր տարածք եւ այդ ամենն արել»:
Մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք շներն ինչ-որ մեկին անհանգստություն պատճառել են, թե ոչ, վերջինս պատասխանեց. «Հարեւանները մի քանի անգամ բողոքել են հաչոցներից ու երեւի որոշել են սենց բան անել»:
Մեր զրուցակիցը մանրամասնեց նաեւ, որ լրիվ առողջ շներ են եղել, երեկ եկել, տեսել են մեկը մահացած ընկած է, իսկ մյուսը՝ մահամերձ: «Տարել ենք կենդանաբուժական կլինիկա, հետազոտել են, իրենք էլ են ասել, որ սա նման է թույնի, սակայն դժվար է ասել, թե կոնկրետ ինչ թույն է: Ամեն տեսակի թույն էլ կարող է լինել, պարզապես մսի մեջ դնեն ու շպրտեն կացարանից ներս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը եւ իրականացնելը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը եւ այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Մեր հարցադրմանը, թե դիմել են արդյոք ՀՀ ոստիկանություն, Մուշեղ Չագլասյանն ընդգծեց. «Ոստիկանությունը զարմանալի պատասխաններ է տալիս: Երեկ եկան, պատմեցի եղելությունը, ասացին՝ «բա մեզ խի՞ եք կանչել», ասում եմ՝ «բա ո՞ւմ պետք ա կանչեի»: Այսօր էլ զանգահարեցի, սպասեցի, սպասեցի, դեռ չէին եկել, կրկին զանգահարեցի, հարցրեցի՝ «ի՞նչ եղաք», ասում են՝ «դե երեկ դիմում գրել եք, ի՞նչ իմաստ ունի գանք հիմա...» հիմա արդեն գալիս են»:
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր, կենդանասերներին և նյարդերից թույլ, զգայացունց մարդկանց խորհուրդ է տրվում չդիտել: