Պոմպեոն հայտարարել է Իդլիբի շուրջ իրավիճակում Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին հայտարարել է Իդլիբի շուրջ իրավիճակում Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքի մասին: Այդ մասին նա ճեպազրույցի ժամանակ ասել է լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հաստատ վստահ ենք, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկեր Թուրքիան ունի ինքնապաշտպանության իրավունք այն ռիսկերի առջեւ, որոնք ստեղծվել են Սիրիայում Ասադի, ռուսների եւ իրանցիների կողմից»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում «Ռուսաստանի եւ Թուրքիայի գործընկերային կապերը»։ Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ էր անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ։ Պետքարտուղարը չի մեկնաբանել Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ Մոսկվայում ընթացող բանակցությունները։
Իդլիբում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Տահրիր աշ Շամ» խմբավորման ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում էին սկսել սիրիական կառավարական զորքերի վրա։ Սիրիայի բանակը պատասխան կրակ էր բացել։ ՌԴ ՊՆ տեղեկատվության համաձայն, գնդակոծության էին ենթարկվել նաեւ թուրք զինվորականները, որոնք այնտեղ չպետք է լինեին։
Այս ամենի հետեւանքով զոհվել էր 36 թուրք զինվորական, ավելի քան 30-ը վիրավորվել էին։ Տեղեկատվությունը ստանալկուց անմիջապես հետո ռուսական կողմը կրակի լիակատար դադարեցման միջոցառումներ էր ձեռնարկել, ապահովվել էր զոհվածների եւ վիրավորների տարհանումը Թուրքիայի տարածք։ ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ռուսական ավիացիա այդ շրջանում չի կիրառվել։