Կորոնավիրուսի պատճառով Կալիֆոռնիայում արտակարգ դրություն են մտցրել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում COVID-2019 կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Այս մասին հայտնել է նահանգապետ Գեւին Նյուսոմը, փոխանցում է Los Angeles Times-ը:
«Այս որոշումն ընդունվել է ոչ միայն մեկ մարդու ողբերգական մահվան պատճառով, այլ նաեւ ուրիշ հանգամանքների»,- պարզաբանել է նահանգապետը: Նա նշել է, որ այսպիսի միջոցառումները պայմանավորված են հիվանդության տարածման դեմ պայքարի դաշնային ռեսուրսներ ստանալու անհրաժեշտությամբ:
Նախօրեին՝ մարտի 4-ին, Փլեյսեր շրջանում (Կալիֆոռնիա նահանգ) գրանցվել էր կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքը: Հիվանդությունը հայտնաբերվել էր տարեց մարդու մոտ, որն առողջական խնդիրներ ուներ եւ կարող էր կորոնավիրուսով վարակվել փետրվարի 11-21-ը Սան Ֆրանցիսկոյի շրջանում զբոսանավում եղած ժամանակ:
ԱՄՆ-ում ավելի վաղ հիվանդության հետեւանքով մահացել էր 10 մարդ: Միացյալ Նահանգներում ընդհանուր հաստատվել է վարակման 80 դեպք:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետեւանքով առաջին պացիենտը մահացել էր փետրվարի 29-ին: Ինֆեկցիան հայտնաբերել էին 50-ն անց կնոջ մոտ, որը բնակվում էր Վաշինգտոն նահանգում: