Տաքսիստ, մատուցող, վաճառող. հայտնիների բարեգործական ֆլեշմոբը՝ հանուն առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման (Լուսանկարներ)
Մեկնարկում է Հանրային հեռուստաընկերության «Եթե բոլորը» հաղորդման նոր նախագիծը՝ «Բարության դեսպան» խորագրով, որի նպատակն է միավորել հանրության կողմից սիրված բոլոր այն անձանց, ովքեր պատրաստակամ կլինեն ներկայացնել մի երեխայի պատմություն։ Միջոցառումների եւ ընդհանուր ծրագրի իրազեկումը լինելու է առցանց հարթակում։ Ակցիաները կազմակերպվելու են ամենատարբեր եւ հետաքրքիր արշավների, ֆլեշմոբերի տեսքով։ Սիրված դեմքերին կտեսնեք Երեւանի մի շարք հատվածներում ՝ սուրճ, հոթդոգ վաճառելիս, բարմեն, մատուցող, դիջեյ աշխատելիս, տաքսի վարելիս, օգտակար թեմաներով սեմինարներ անցկացնելիս եւ այլն։ Նրանց բոլորին միավորում է մեկ նպատակ՝ հավաքել համապատասխան գումարը ՝ ուղղված առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։
«Եթե բոլորը» բարեգործական նախագիծը եւ համանուն հիմնադրամը յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում է առողջական խնդիր ունեցող երեխայի եւ փորձում հավաքել բուժման համար անհրաժեշտ գումարը։ Անձնակազմը նշում է. «Մենք հավատում ենք, որ միասնականության շնորհիվ կարող ենք փոխել ճակատագրեր»։
Նախագծի հեղինակներն են Վահե Խանամիրյանը, Լիլիթ Մուրադյանը եւ Վաչե Վարդանյանը։ Նոր նախաձեռնությանն այս պահին միացել են Շուշաննա Թովմասյանը, Մարիաննա Քոքչյանը, Մանե Գրիգորյանը, Դիանա Մալենկոն, Եվա Զոհրաբյանը, Լիանա Վանոյանը, Մարիամ Ալեքսանյանը, Շաքե Հմայակյանը եւ Գոշ Հակոբյանը: