Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետեւանքով Իրան-Հայաստան ապրանքների արտահանման արգելքին
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է վերլուծություն այն մասին, թե ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետեւանքով Իրան-Հայաստան եւ Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին:
Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչեւ մարտի 24-ը, ինչը նաեւ տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ եւ բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է:
Արտահանման եւ ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջեւ ապրանքների առեւտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առեւտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) եւ ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական եւ հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ եւ նավթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչեւ 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղեւորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության եւ հանրային սննդի կազմկերպման վրա եւ այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ եւ բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական եւ իրանական ապրանքների միջեւ: Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:
Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղեւորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը եւ գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը: