Որոշ ավիաընկերություններ որոշել են նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը. Քաղավիացիայի կոմիտե
Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
«Հարգելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը: Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլէկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը։
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթերի հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ։
Հարգանքներով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասվում է հաղորդագրությունում: