Կրեմլում հաստատել են Պուտինի եւ Էրդողանի առաջիկա հանդիպումը
Մարտի 5-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը ՌԴ-ում կքննարկեն սիրիական կարգավորման հարցերը` հաշվի առնելով Իդլիբի էսկալացիոն գոտում տեղի ունեցած սրումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Խոսքը սիրիական կարգավորման խնդիրները քննարկելու մասին է` հաշվի առնելով Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի ներկայիս սրացումը»,- նշվում է հայտարարության մեջ:
Իդլիբում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ահաբեկիչները փետրվար 27-ին լայնածավալ հարձակում իրականացրեցին Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` հրետակոծվել էին, այդ թվում նաեւ, Թուրքիայի զինված ուժերը, որոնք չպետք է այնտեղ լինեին: Արդյունքում 36 թուրք զինվոր էր զոհվել: Զոհված թուրք զինվորականների մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ռուսական կողմը սկսեց միջոցներ ձեռնարկել սիրիական զորքերի կողմից ամբողջական հրադադարի համար, ապահովվեց մահացածների եւ վիրավորների անվտանգ տարհանումը Թուրքիա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում շեշտել են, որ ռուսական ավիացիան այդ շրջանում գործի չի դրվել: