Թուրքիան կարող է սիրիական մարտավարությունը կիրառել նաեւ ղարաբաղյան հարցում. փորձագետ
Թուրքիան կարող է սիրիական մարտավարությունը կիրառել նաեւ ղարաբաղյան հարցում: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Նա պարզաբանեց, որ Թուրքիան, հավանաբար, ցանկանում է համաշխարհային խոշոր տերություն դառնալ, ինչով եւ բացատրվում է ռազմական բազաներն ընդլայնելու ձգտումը, ինչպես նաեւ` աննախադեպ ակտիվությունը Սիրիայում: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակին հայտարարել էր, որ Սիրիայի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում Մոսկվայի վրա, եւ այս խոսքերից հետո մենք տեսնում ենք, որ Էրդողանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում, ինչպիսին չէր ձեռնարկում նույնիսկ ԱՄՆ-ն»,- նշել է Վան Համբարձումյանը:
Փորձագետը համոզված է, որ դա տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ շանտաժի ֆոնին: «Անկարան օգտվում է այն փաստից, որ համատեղ ծրագրեր ունի Մոսկվայի հետ, ինչպիսիք են «Թուրքական հոսքը», ինչպես նաեւ` սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը: Օգտվելով դրանից եւ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից որոշակի հավատարմությունը, որը ինքը պատժամիջոցների հետ կապված լուրջ ճնշման տակ է գտնվում, Թուրքիան իր քաղաքականությունն է առաջ տանում Սիրիայում: Այս ֆոնին մենք տեսնում ենք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ: Կարեւոր է նշել, որ Սիրիան այսօր նույնքան նշանակություն ունի Ռուսաստանի համար, որքան եւ Հայաստանը: Հետևաբար, հնարավոր է, որ Անկարան ղարաբաղյան ուղղությամբ որոշակի գործընթացներ փորձի նախաձեռնել` հիմնվելով նույն մարտավարության վրա, որն օգտագործում է սիրիական հարցով»,- եզրափակեց Վան Համբարձումյանը: