Ռոուհանին Պուտինին առաջարկել է Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովն Իրանում անցկացնել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին երեքշաբթի օրը Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Զալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Ռոհանիի եւ Պուտինի միջեւ: Հեռախոսազրույցի շրջանակներում նախագահ Ռոհանին հրավիրել է նախագահ Պուտինին... որպեսզի Աստանայի ձեւաչափի շրջանակներում հաջորդ գագաթնաժողովը անցկացվի Իրանում»,- ասել է նա:
Դիվանագետը շեշտել է Աստանայի ձեւաչափի հաջողությունը եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մասնակիցները «պետք է հավատարիմ լինեն դրան եւ շարունակեն համագործակցությունը դրա շրջանակներում»:
Դեսպանը նաեւ նշել է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության առանձնահատուկ դերը ահաբեկչության դեմ պայքարում: «Այս կամ այլ կոալիցիաներ են ստեղծվել ահաբեկչության դեմ պայքարի համար: Սակայն դրանցից ոչ մեկը չի կարողացել հաջողությամբ պայքար մղել ահաբեկչության դեմ, եւ միակ կոալիցիան, որը հաջող է եղել եւ իրականում պայքարել է ահաբեկչության դեմ, Իրանի եւ Ռուսաստանի կոալիցիան է»,- ընդգծել է նա: