Հունաստանը ֆեյք է անվանել Էրդողանի` երկու միգրանտի սպանության մասին հայտարարությունները
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ հույն սահմանապահները, իբր, երկու միգրանտ են սպանել սահմանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էրդողանը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ երկուշաբթի հույն զինվորականները երկու միգրանտ են սպանել եւ մեկին լուրջ վիրավորել են, երբ վերջիններս փորձել են հատել թուրք-հունական սահմանը:
«Հունական սահմանային ուժերը չեն կրակել որեւէ մեկի վրա, ով փորձել է ապօրինի կերպով մուտք գործել Հունաստան: Սա ոչ այլ ինչ է, քան կոպիտ եւ կանխամտածված ապատեղեկատվություն` ֆեյք նյուզ»,- գրել է Պետսասը Twitter-ի իր էջին՝ գրառման հետ նշելով «ֆեյք», «թուրքական քարոզչություն» թեգերը:
Սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ այլեւս չի կարող զսպել միգրանտների եւ փախստականների հոսքերը, եւ բացել էր իր սահմանները ԵՄ-ի հետ, ինչից հետո հազարավոր միգրանտներ գնացել էին դեպի Հունաստան: Սահմանին հարյուրավոր ոստիկաններ եւ հունական բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել:
Նախնական տվյալներով` ուրբաթ օրվանից հետո երեք օրվա ընթացքում սահմանը հատելու ավելի քան 24 հազար փորձ է կանխվել, 183 մարդ ձերբակալվել է: Եվրոպան վերջին տարիներին ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում: Դա, նախեւառաջ, կապված է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների հետ:
2016-ին ԵՄ-ն Թուրքիայի հետ համաձայնեցրել էր միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլանը` փախստականներ ընդունելու համար Անկարային ֆինանսական օգնություն տրամադրելու, թուրքական տարածքներից Հունաստան եկած բոլոր անօրինական միգրանտներին Թուրքիա վերադարձնելու, եւ ԵՄ-ի կողմից Թուրքիայից սիրիացի օրինական միգրանտներին «մեկը` մեկի դիմաց» սկզբունքով ընդունելու մասին: Ավելի ուշ Էրդողանը ԵՄ-ին մեղադրեց միգրացիոն գործարքի շրջանակներում ֆինանսական օգնության մասով պարտավորության չկատարման մեջ: