Իրանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր է ստորագրել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին
Ֆրանսիայում Իրանի դեսպան Բահրամ Ղասեմին Twitter-ում հայտնել է, որ Իրանն ու Ֆրանսիան համաձայնագիր են ստորագրել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Ղասեմին հայտնել է, որ Ֆրանսիայի ճգնաժամային կենտրոնում ելույթ է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իրանի ձեռնարկած գործողությունների վերաբերյալ զեկույցով:
Նա հավելել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը կլինի համընդհանուր եւ բազմանիստ:
Ավելի վաղ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Իրանին առաջարկել էին 5 մլն եվրոյի օգնության փաթեթ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Հայտարարության մեջ նշված է, որ Եվրաեռյակը Իրանին աջակցություն կցուցաբերի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ ՄԱԿ-ի այլ հաստատությունների միջոցով:
Եվրաեռյակը նաեւ Իրան է ուղարկել բժշկական ապրանքներ, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների սարքավորումներ, պաշտպանական հանդերձանք եւ ձեռնոցներ:
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը հասել է մինչեւ 66-ի: Հաստատված է 1501 դեպք, որից 523-ը ախտորոշվել է վերջին 24 ժամում: Կորոնավիրուսով վարակված 291 պացիենտ առողջացել է: