Խոշոր վթար Սյունիքի մարզում. Իրանցի 39-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է ապառաժ քարին
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:50-ի սահմաններում Իրանի 39-ամյա քաղաքացին իր վարած Howo մակնիշի դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մի քանի ծառեր և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: