Էրդողանը Պուտինի հետ բանակցություններից հետո Իդլիբում զինադադարի հասնելու հույս ունի
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մարտի 5-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում զինադադարի հասնելու հույս ունի:
«Պուտինի հետ հինգշաբթի քննարկելու ենք Իդլիբի իրադարձությունները: Ես հուսով եմ, որ մեր զրույցի արդյունքներով կհաջողվի զինադադարի հասնել»,- Անկարայում ելույթ ունենալիս ասել է Էրդողանը:
Իդլիբում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայյաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում էին սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ էր բացել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ գնդակոծության էին ենթարկվել այդ թվում նաեւ թուրք զինվորականները, որոնք պետք է այդտեղ չգտնվեին:
Արդյունքում զոհվել էր Թուրքիայի բանակի 34 զինծառայող, վիրավորվել էր ավելի քան 30 մարդ: Թուրք զինվորականների տուժելու մասին տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո ռուսական կողմը միջոցներ էր ձեռնարկել սիրիական զորքերի կրակի ամբողջական դադարեցման համար, ապահովվել էր թուրք զոհված եւ վիրավորված զինծառայողների անվտանգ տարհանումը Թուրքիա: ՌԴ ՊՆ-ից ընդգծել էին, որ այս շրջանում ՌԴ ՕՏՈՒ ավիացիա չի կիրառվել:
Հարձակումից հետո Էրդողանը անվտանգության խորհրդակցություն էր հրավիրել: Ուրբաթ ՆԱՏՕ-ի Խորհուրդը ի պատասխան Անկարայի համապատասխան խնդրանքի խորհրդակցություններ էր անցկացրել Սիրիայում իրավիճակի հարցով: ԱՄՆ Պետքարտուղարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Թուրքիային աջակցում են որպես ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից եւ «դիտարկում են տարբերակները, թե ինչպես այս ճգնաժամում Թուրքիային լավագույն կերպով աջակցեն»:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ իրավիճակի հանգուցալուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Մասնավորապես՝ ահաբեկիչներից չի տարանջատել զինված ընդդիմությանը, որը պատրաստ է քաղաքական գործընթացի շրջանակում կառավարության հետ երկխոսության: Այսպես՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-ի ռուս-թուրքական հուշագրում, որը համաձայնեցվել էր նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման արդյունքներով, նշված էր թուրք զինվորականների ներկայության ստատուս քվոն պահպանելու մասին, բայց պայմանով, որ մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 15-ը Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց դուրս կբերի բոլոր ահաբեկչական արմատական խմբավորումներին: Նաեւ համաձայնեցվել էր, որ այդ գոտու սահմաններում «արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման կայուն ռեժիմի ապահովման համար»: Հուշագրի 7-րդ կետով նախատեսվում էր այս շրջանում ռուս-թուրքական համատեղ պարեկման անցկացում: