ԱՄՆ-ը չպետք է օգնի Էրդողանին Սիրիայում․ ամերիկացի փորձագետ
Իդլիբում 30-ից ավել թուրք զինյալների զոհվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը ռազմական օգնության խնդրանքով նորից դիմում է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Թրամփի վարչակազմը պետք է մերժի դիմումը։ Միացյալ Նահանգների ներգրավումը ահռելի սխալ կլինի, գրում է Defense Priorities-ի ավագ գիտաշխատող Դենիել Լ․ Դեւիսը, հայտնում է Fox News-ը։
Կործանարար ռազմական օպերացիաների ֆոնին Էրդողանն ապացուցեց, որ կիրականացնի ամեն տեսակի գործողություններ, որոնք կհամարի Թուրքիայի շահերից բխող՝ անկախ այն բանից, թե որքանով են դրանք օգտակար ԱՄՆ-ին կամ ՆԱՏՕ-ին։
«Էրդողանն անտեսեց Սիրիա զորք չմտցնելու Վաշինգտոնի կոչը։ Նա անտեսեց ՆԱՏՕ-ի բողոքները եւ ձեռք բերեց ռուսական Ս-400 համակարգեր։ Նա ԱՄՆ քաղաքացի ձերբակալեց Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար։ Արհամարհելով Սիրիա ռազմական ներխուժումից զերծ մնալու ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի կոչերը՝ Էրդողանը հիմա պահանջում է Արեւմուտքի օգնությունը։ Նա չպետք է այն ստանա։
Վերջինը, ինչը պետք է անի Վաշինգտոնը դա Թուրքիային հովանավորելն է, աջակցելն է Անկարայի տարածաշրջանային նկրտումներին, որոնք կխորացնեն հումանիտար ճգնաժամն ու քաոսային պատերազմը։
Վաշինգտոնը պետք է անհապաղ դուրս բերի իր բոլոր զորքերը Սիրիայից, քանի դեռ չեն գրանցվել անհաջողություններ կամ չեն սպանվել ամերիկացիներ։ Մինչ Սիրիա իր չմտածված ներխուժումը Թուրքիային բազմիցս զգուշարել են։ Թուրքիային փրկելու համար մենք չպետք է ներքաշվենք հերթական մերձավորարեւելյան պատերազմի մեջ»։