Ազնիվ կլիներ ասել, որ մենք չունենք համապատասխան բժշկական կարանտին, մենք պատրաստ չենք․ Հովհաննես Ավետիսյան
Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Երբ որոշ ընկերներ փորձում են մարդկանց հանգստացնել` ասելով, որ մարդաշատ Չինաստանում ընդամենը 2,500-ի մոտ մարդ է մահացել (մեծ մասը տարեց), նրանք բաց են թողնում ընդհանուր պատկերի հետևյալ կարևոր մասերը:
Չինաստանը մեկ կենտրոնից կառավարվող, ցանկացած հարց տարիներ առաջ պլանավորող և կազմակերպված պետություն է:
Սա այն պետությունն է, որ ընդամենը 20 տարվա մեջ աշխարհի ՀՆԱ-ում 1.5 տոկոս կշռից հասել է 15 և ավել տոկոսի: Սա այն պետությունն է, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության այնպիսի տեմպ է ունեցել, որ աշխարհում եզակի է ու հավանաբար անկրկնելի: Սա այն պետությունն է, որ 10 օրում հիվանդանոց է կառուցում:
Որ երկար չթվարկեմ, սա ուղղակի հերթական պետություն չէ, սա Չինաստանն է և լուրջ չէ նման հզոր ու կազմակերպված պետությունում համաճարակից 2,500 և ավել զոհը «ընդամենը» անվանել և մեզ պես անկազմակերպ հանրույթին դրանով փորձել հանգստացնել: