Էրդողանի կատակն ու ծիծաղը վրդովեցրել են թուրքերին
Էրդողանի կատակն ու ծիծաղը վրդովեցրել են թուրքերին, երբ նա պատմել է իր ամերիկյան գործընկերոջ հետ զրույցի մասին, մինչդեռ դրանից ընդամենը երկու օր առաջ սպանվել է 36 թուրք զինվոր:
«Երեկ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը հարցրել է. «Ինչո՞վ են նրանք այնտեղ զբաղված».-ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահի հարցը Սիրիայում Ռուսաստանի մասնակցության մասին: «Ես ասացի նրան, որ [սիրիական հյուսիս-արեւելյան քաղաք] Կամիշլիում կա նավթ: Այնուհետեւ նա [Թրամփը] հարցրեց. «Այսի՞նքն՝ նավթ»: Եւ ես ասացի, որ այն կա, սակայն այնքան շատ չէ, որքան Դեյր էզ Զորեում»,-նշել է նա եւ ծիծաղել:
Ամերիկյան զինվորականները տեղակայված են Դեյր էզ Զորե նահանգում շրջանի նավթով հարուստ տարածքները հսկելու համար:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն քննադատել է Էրդողանին՝ հայտարարելով, որ նա ծիծաղել է, երբ ազգը դեռ չի հուղարկավորել Իդլիբում ավիահարվածի հետեւանքով զոհված տասնյակ զինծառայողներին:
Միեւնույն ժամանակ համացանցի օգտատերերը եւս արտահայտել են իրենց վրդովմունքը: Ավելի քան 100 000 օգտատերեր տեղադրել է #negülüyorsunerdoğan («Ինչի՞ վրա ես ծիծաղում, Էրդողան») հեշթեգը:
«36 զինվոր է սպանվել, հազարավոր լրագրողներ անօրինաբար բանտարկվել են, դիկտատուրան շարունակվում է, տնտեսությունը քայքայվում է, քաղաքացիները դժգոհ են: Իսկ նա ժպտում է»,-գրել է օգտատերերից մեկը:
«Պատկերացրե՛ք, որ ձեր երկրի 36 զինվորներ սպանվել են (ցանկացած պատճառով), իսկ ձեր նախագահը կամ վարչապետը ժպտում է առաջին իսկ ելույթի ժամանակ: Դուք ի՞նչ կասեիք»,-նշել է մեկ ուրիշ օգտատերը:
Օգտատերերից մեկը կիսվել է սպանված թուրք զինվորների նկարներով ծիծաղող Էրդողանի ֆոնին: