Արթուր Ջանիբեկյանը 44 տարեկան է․ ТНТ-ի աստղերը հայերեն լեզվով շնորհավորել են իրենց ղեկավարին (Տեսանյութ)
Comedy Club Production-ի հիմնադիր, «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, բարերար Արթուր Ջանիբեկյանը դարձավ 44 տարեկան։ Սոցցանցերում այս օրերին հնչել են նրա հասցեին ամենաջերմ խոսքերն ու մաղթանքները։ Զարմանալի չէ, քանզի Ջանիբեկյանը քիչ բան չի արել ռուսական մեդիա-դաշտի եւ մասնավորապես ժամանցային հեռուստատեսության զարգացման համար, նա բազմաթիվ մեգահայտնի նախագծերի պրոդյուսեր է:
Նրա ներդրումը հայկական մշակույթի զարգացման գործում առանձին թեմա է։ Հենց Ջանիբեկյանն է 30 հազար դոլարով գնել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագիրը եւ այդ կոթողը դարձրել Մատենադարանի հավաքածուի մաս։ Հարգանքի է արժանի նաեւ նրա մեկ այլ նախագիծ․ Կալիֆոռնիայում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը։ Եվ, իհարկե, չի կարելի չնշել նրա անգնահատելի նախաձեռնությունը՝ armenianmusic.am կայքը․ թվային ձայնադարան, որը ներառում է հայկական ժողովրդական երգեր, հայկական երաժշտության մարգարիտներ։
Արթուր Ջանիբեկյանին շնորհավորել են նաեւ «Քոմեդի քլաբ»-ի ռեզիդենտները, որոնք որպես նվեր իրենց բարեմաղթանքներով հոլովակներ են ձայնագրել: Նրանցից գրեթե բոլորը փորձել են «թանկագին ղեկավարության» հանդեպ իրենց զգացմունքներն արտահայտել հայերեն լեզվով։ Տեքստերը շատ ծիծաղելի ու հուզիչ են ստացվել։ Օրինակ, Դեմիս Կարիբիդիսը ցանկացել է. «Շատ վարտիքներ ու կարմիր կոշիկներ», իսկ Անդրեյ Սկորոխոդը՝ բոլոր հավաքվածներին շնորհավորել է «քաղաքի օրվա կապակցությամբ»։
Արթուր Ջանիբեկյանին ուղղված տեսաուղերձում իրենց մաղթանքներն են հնչեցնում նաեւ Պավել Վոլյան, Զուրաբ Մատուան, Մարինա Կրավեցը, Օլգա Բուզովան, Անդրեյ Ավերինը, Նատալյա Եփրիկյանը, Տիմուր Բատրուտդինովը եւ շատ ուրիշներ: