Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Առաջարկելու եմ չեղարկել «Մարտի 1-ի» երթը․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։
Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։
Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։
Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։
Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։
Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով։
Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն եւ տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն եւ նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի»,-նշել է նա։
ՀՀ վարչապետը նշել է նաև, որ առաջարկելու է չեղարկել «Մարտի 1-ի» երթը․
«Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել։
Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի եւ կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։
Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»։
Մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ այս պահին վարակ չի հայտնաբերվել։
«Իհարկե, այստեղ կարող է դեր ունենալ ինկուբացիոն շրջանը, այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ վիրուսը դեռեւս չի դրսեւորել իրեն։
Բայց կա նաեւ հավանականություն, որ վիրուսակիր անձի հետ շփում ունեցող մարդիկ չվարակվեն, որովհետեւ վարակի տարածման համար բավարար չէ, որ մարդու օրգանիզմում վիրուսը ներկա լինի։
Վարակը փոխանցվում է այն ժամանակ, երբ վիրուսը մարդու օրգանիզմում մեծ քանակով վերարտադրվում է, շատանում, ապա եւ փոխանցվում փռշտոցի, կամ հազի կամ օդակաթիլային այլ եղանակով։
Ըստ մասնագետների, ահա, քանի դեռ վարակը մարդու մոտ չի արտահայտվել՝ տենդի, հազի, փռշտոցի միջոցով, հավանականությունը, որ նա վարակած կլինի այլ մարդկանց, շատ փոքր է։
Նկատի ունեմ՝ գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է։
Սիրելի հայրենակիցներ, կրկին կոչ եմ անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին եւ պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»։