Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի. նրանց թվում են Մեջլիսի 5 անդամներ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի, գրանցվել է մահվան 43 դեպք: Նման տվյալներ է ներկայացրել Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ վարակվածների թվում են Իրանի Մեջլիսի (խորհրդարան) 5 անդամներ:
«Հաստատված նոր դեպքերի թիվը հասել է 205-ի»,- նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:
«Մեջլիսի 100 անդամների շրջանում, որոնք թեստ են հանձնել, անալիզների արդյունքները դրական են եղել 5-ի մոտ»,- ասել է Մեջլիսի պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:
Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին, որոնց հայտնաբերել են Կում նահանգում: Այդ կապակցությամբ փակվել են երկրի բոլոր դպրոցները, Մեջլիսը մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը: