Մոսկվայում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիա է ընթանում
Մոսկվայում ՌԴ նախկին առաջին փոխվարչապետ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիա է ընթանում: Իրավապահներն ուժգնացրել են Մոսկվայում Ստրաստնայա բուլվարից մինչեւ Սախարովի հրապարակ անվտանգության միջոցառումները, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ստրաստնայա բուլվարում մի քանի հազար մադր է հավաքվել, որոնց ձեռքին Նեմցովի լուսանկարներ են եղել, ինչպես նաեւ պաստառներ, որոնց վրա գրված է եղել, որ քաղաքական գործչին երբեք չեն մոռանա:
Մասնակիցներից բացի՝ բուլվարում մեծ թվով լրագրողներ են հավաքվել:
Չեխովսկայա մետրոյի կայարանում եւս ուժգնացրել են անվտանգության միջոցառումները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ակցիայի մասնակիցների թիվը հասնում է 30 հազարի:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: Ամեն տարի այդ վայրում մահվան տարելիցի օրը հիշատակի ակցիաներ են անցկացվում: