Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
Ադրբեջանը մարտի 2-ին հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո զորավարժություններ կանցկացվեն տեղանքի, քարտեզների, տեղանքի մակետների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, ինչպես նաեւ հաշվարկների, ժամանակավոր ցուցանիշների հստակեցմամբ ու համապատասխան մարմինների հետ որոշումների իրականացման ստուգմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Զորավարժությունների յուրաքանչյուր փուլում, հաղորդագրության համաձայն, մանրամասն կուսումնասիրվեն իրավիճակի զարգացման կարեւոր հարցերը՝ հաշվի առնելով մարտական պատրաստվածության բարձրացումը, այդ թվում տեղեկատվական ապահովումը, զորքերի եւ զենքի կառավարման ժամանակակից միջոցների կիրառման ճշգրիտ ծրագրումը: Զորավարժությունները կտեւեն մինչեւ մարտի 6-ը: