Թուրք ազգայնականների առաջնորդը ցամաքային եւ օդային օպերացիաների կոչ է արել Իդլիբում
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ է արել անհապաղ ցամաքային եւ օդային ռազմական գործողություններ սկսել սիրիական Իդլիբ նահանգում, փոխանցում է Anadolu-ն:
Բահչելին այս հայտարարությունը հնչեցրել է այն բանից հետո, երբ Իդլիբում կրակահերթի հետեւանքով 30-ից ավելի թուրք զինվորական էր մահացել:
ԱՇԿ-ն դե ֆակտո դաշինք է կազմում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) հետ: Բահչելին հայտարարել է, որ ուժի գործածումն անհրաժեշտություն է դարձել եւ որ իր կուսակցությունը կաջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին` անկախ դրա գնից: Նա Ռուսաստանին «մարդասպան Ասադի դաժան համակիր» է անվանել: Իդլիբում խորացող ճգնաժամը «սպառնում է մեր ազգային գոյատեւմանն ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել Բահչելին:
Ըստ նրա` «Թուրքիայի վրա հարձակումը հարձակում էր ՆԱՏՕ-ի դեմ»:
Նա նաեւ կոչ է արել բացել սահմանը Թուրքիայի եւ Իդլիբ նահանգի միջեւ: