Աշնանային էտյուդ
…. Քայլում է նա' ձեռքին' բարալիկ մի մոմ:
Շտապում է, շատ է շտապում, բայց ո՞ւր: Քիչ ժամանակ ունի: Ուզում է հասցնել: Հոգում վերահաս ծերության վախ կա և կորսվող երիտասարդության տագնապ:
Երկյուղած խնամքով Նա մի ձեռքում պահել է մոմը, իսկ մյուսով ջանում է պաշտպանել թույլ թրթռացող կրակը:
Նա մրսում է: Աշնան մեծ, կարմիր արևը չի ջերմացնում Նրան: Ու անխուսափելի ձմռան դեռ չեկած ցուրտն էլ երբեմն-երբեմն հենց իր միջից սողոսկում է ուղեղը, և սիրտը ցավից տկարանում է, կուչ գալիս ու լաց լինում:
Սայթաքեց: Մոմի թրթռացող կրակը հիմա կհանգչի: Կանգ առնել է պետք, շունչ առնել ու շարունակել ճամփան' չգիտե և … գիտե, թե ուր…. «Մի՛ հանգչիր, խնդրում եմ: Մի փոքր էլ այրվիր: Չէ՛, չէ՛, ես չեմ ուզում, որ դու մարես: Լո˜ւյս տուր ինձ, տո˜ւր ինձ ջերմություն»,- աղերսում է Նա:
Նա երկար, շատ երկար ճանապարհ է անցել: Եվ իր ճամփան քանի˜-քանի˜ ջահեր ու կանթեղներ են լուսվորել, վառվել ու մարել' առանց այդպես տանջելու ու ցավ պատճառելու: Ջահե˜լ էր…. Իսկ հիմա, երբ Իր անգին ու վերջին լուսատուն մնացել է այդ փոքրիկ ու թրթռացող կրակը, վախենում է, շատ է վախենում կորցնել:
Ու շտապում է նա' գլխավերևում մի մեծ ու կարմիր աշնանային սառչող արև, ձեռքին' մարմրող փոքրիկ մի կրակ:
Կանգ է առնում: Խոր շունչ քաշում: Դողացող ափով նորից պահում է կրակը, որ իր բեկբեկուն շնչից չմարի հանկարծ: Հետո շուրթերը զգույշ մոտեցնում է կրակին' ասես համբուրելու-վառվելու: Եվ շշնջում է տաքուկ.
-Իմ անմա՛ր Աստվածուհի, իմ խռով ու փակ, իմ անհա՛ս Ծովինար….
Մարիամ Գևորգյան. Ֆեյսբուք