25-ամյա կինը կուրացել է աչքերի սպիտակուցները ներկելու փորձից հետո (Լուսանկարներ)
Լեհաստանի Վրոցլավ քաղաքից 25-ամյա Ալեքսանդրա Սադովսկան մեկ աչքից կուրացել է աչքերի սպիտակուցները ներկելու անհաջող միջամտությունից հետո:
Daily Mail պարբերականը հայտնում է, դա տեղի է ունեցել 4 տարի առաջ: Այդ ժամանակ Ալեքսանդրան որոշել է աչքերի սպիտակուցները սեւ ներկել: Նրան ոգեշնչել էր լեհ հանրահայտ ռեփեր Պոպեկի (Popek) օրինակը, որն աչքերի սպիտակուցները ներկել էր 2012 թվականին:
Կինը դիմել է վրոցլավացի դաջվածք անողի, որը, ինչպես ավելի ուշ է պարզվել, նախկինում երբեք նման միջամտություններ չի արել: Անհրաժեշտ գիտելիքներ չունենալով՝ նա հատուկ պիգմենտի փոխարեն, նրա ակնախնձորների մեջ է ցողել դաջվածքի սովորական ներկ: Երբ աղջիկը գանգատվել է ցավից, դաջվածք անողը նրան ուղղակի խորհուրդ է տվել ցավազրկող ընդունել:
Միջամտության պատճառով Ալեքսանդրայի աջ աչքը կուրացել է, իսկ ձախը սկսել է վատ տեսնել: Բժիշկների կարծիքով՝ աչքերի սպիտակուցները ներկելու անհաջող միջամտությունը վնասել է նրա տեսողությունը, եւ ապագայում Ալեքսանդրային ամբողջական կուրություն է սպասում:
Դաջվածք անողին սպառնում է մինչեւ 3 տարի ժամկետով բանտարկություն՝ ոչ դիտավորյալ մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: