ՌԴ-ն ժամանակավորապես սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Իրանից
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել փետրվարի 28-ից ժամանակավորապես սահմանափակել Իրանից օտարերկրյա պետությունների քաղաքացիների մուտքը ՌԴ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը` ՌԴ անվտանգության դաշնային ծառայության եւ ՌԴ մաքսային ծառայության, Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության հետ համատեղ, 2020 թվականի փետրվարի 28-ի մոսկովյան ժամանակով ժամը 00:00-ից ժամանակավորապես սահմանափակել Իրանի Իսլամական հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի օդային անցակետեր, բացառությամբ` Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով օդային սահմանի անցակետի ՝ Մոսկվայի (Շերեմետեւո), բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ ինքնաթիռների անձնակազմի, պաշտոնական պատվիրակությունների անդամների եւ Ռուսաստանի Դաշնությունում կացության թույլտվություն ունեցող անձանց»,- նշվում է ՌԴ կառավարության հրամանագրում:
Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը պետք է ժամանակավորապես դադարեցնի վիզաների ձեւակերպումը եւ տրամադրումը Իրանի քաղաքացիներին: Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող իրանցի քաղաքացիների համար աշխատանքի թույլտվությունների, ինչպես նաեւ` ուսուցման եւ աշխատանքի տեղավորման նպատակով հրավերների ձեւակերպման եւ տրամադրման գործընթացը:
Մեկ այլ հրամանագրով ՝ ՌԴ կառավարությունը փետրվարի 28-ին ժամանակավոր սահմանափակում է սահմանել Ռուսաստանի պետական սահմանով օդային անցակետերում Իրանից օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար: