Կոնգրեսականը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել Արցախին 10 մլն դոլարի օգնություն հատկացնել
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել Արցախին 10 մլն դոլարի օգնություն հատկացնել:
Չուն նաեւ դեմ է հանդես եկել Արցախում ականազերծման օգնության դադարեցման Պետքարտուղարության ջանքերին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նրա ելույթն ուղղված է պետական, արտասահմանյան գործողությունների եւ կից ծրագրերի հարցերով ենթակոմիտեին՝ մարմին, որին հանձնարարված է օրինագիծ պատրաստել 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փորձում է այս ծրագրին աջակցությունը դադարեցնել՝ փաստացի առանց որեւէ հիմնավորման»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այս գումարը խամրում է անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացված 100 մլն դոլար գումարի օգնության համեմատությամբ:
Ջուդի Չուն նաեւ նշել է, որ այդ օգնությունը «The HALO Trust» կազմակերպությանը թույլ կտա ավարտել Արցախում ականազերծման իր աշխատանքը: