ԱՄՆ-ն հույս ունի, որ Իդլիբի իրադարձություններից հետո Էրդողանը կազատվի Ս-400-ներից
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյթ Բեյլի Հաթչինսոնը հույս է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները շուտով կհասկանան, թե Ռուսաստանն իրենից ինչ է ներկայացնում, եւ իրականում ով է Անկարայի հուսալի գործընկերը: Հաթչինսոնն այս մասին հայտարարել է ի պատասխան Սիրիայում տասնյակ թուրք զինվորների զոհվելու փաստը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Հարցին պատասխանելիս Հաթչինսոնը նշել է, որ միջադեպի մասին տեղյակ չէ, սակայն եթե «դա տեղի է ունեցել, ապա ես ուղղակի հույս ունեմ, որ նախագահ Էրդողանը... կտեսնի, թե ով է... հուսալի գործընկերը, ով՝ ոչ»:
Դիվանագետը հավելել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը փչացրեց Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները:
«Մենք հնարավոր բոլոր միջոցներով փորձեցինք մեր դաշնակցին բացատրել, որ ցանկանում ենք դաշինքի մեջ մնալ, որ որ նրանց երկրում չի կարող տեղակայվել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգ...»,- հայտարարել է Հաթչինսոնը: Նա հույս է հայտնել, որ «նախագահ Էրդողանը կտեսնի, որ մենք նրանց անցյալի եւ ապագայի դաշնակիցն ենք, եւ որ իրենք պետք է ազատվեն Ս-400-ից: Իրենք կտեսնեն, թե Ռուսաստանն իրենից ինչ է ներկայացնում: Իրենք հիմա տեսնում են, թե նրանք (Ռուսաստանի իշխանությունները) ինչ են անում: Եվ եթե նրանք հարձակվում են թուրք զինվորների վրա, ապա դա պետք է գերակշռի այն ամենին, ինչ տեղի է ունենում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ», հավելել է դեսպան Հաթչինսոնը:
Դիվանագետը չի բացառել Սիրիայում թուրք զինվորների վրա հարձակման հետ կապված իրավիճակում ՆԱՏՕ-ի Կանոնակարգի 5-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, որը նախատեսում է կազմակերպության անդամ երկրի հավաքական պաշտպանություն:
«Ոչինչ, իհարկե, բացառված չէ: Սա նոր իրադարձություն է: Սա մեծ իրադարձություն է: Եվ մենք Թուրքիայի հետ դաշինքի կազմում ենք: Ոչ թե Ռուսաստանի հետ, այլ Թուրքիայի: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան հասկանա, որ մենք իր դաշնակիցն ենք... Եվ եթե ռուսները հարձակվել են թուրք զինվորների վրա... ես հանգամանքներին տեղյակ չեմ..., հենց նոր իմացա այդ մասին, այնպես որ՝ ավելին չեմ կարող ասել, բայց սա իսկապես լուրջ է»,- հստակեցրել է Հաթչինսոնը:
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն Սիրիայում իրադարձությունների հետ կապված հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը իրավիճակը քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
«Ստոլտենբերգը քննարկել է շարունակվող արյունահեղ ռմբակոծությունները, որոնք Իդլիբ նահանգում իրագործում է սիրիական ռեժիմը՝ Ռուսաստանի աջակցությամբ, եւ նրանց կոչ է արել հարձակումը դադարեցնել, հարգել միջազգային օրենսդրությունը եւ աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ՄԱԿ ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սիրիային սահմանամերձ Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը հայտնել էր, որ Թուրքիայի ԶՈՒ զինծառայողները սիրիական Իդլիբում հայտնվել են գնդակոծության տակ, առնվազն 33 զինվոր է զոհվել: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել էր, որ միջադեպից հետո Անկարան որոշում է ընդունել սիրիական զորքերը թշնամական թիրախներ համարելու մասին: