ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը քննադատել է Թրամփի քաղաքականությունը
ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը քննադատել է շրջակա միջավայրի եւ միգրացիայի հարցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, հաղորդում է Reuters-ը:
Նա դատապարտել է Վաշինգտոնի գործողությունները՝ ասելով, որ չմշակված նյութերը կարող են վնաս հասցնել էկոհամակարգին, խմելու ջրին եւ մարդու առողջությանը, իսկ նավթային եւ գազային արդյունաբերության համար նորմատիվների նվազեցումը կարող է վնաս հասցնել մարդու իրավունքներին:
Բաչելետը նաեւ քննադատել է ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունը: Նրա խոսքով՝ այն լուրջ խնդիրներ է առաջացնում՝ կապված մարդու իրավունքների հետ: «ԱՄՆ մեկնել փորձող մարդկանց թվի կրճատումը չպետք է իրականացվի առանց ապաստարանի եւ միգրանտների միջազգային պաշտպանությունը հաշվի առնելու: Ազատազրկման վայրերում երեխաների դրությունը հատուկ մտահոգություն է առաջացնում»,- ասել է նա: