Որտե՞ղ և ինչպե՞ս կկազմակերպվի կորոնավիրուսով պացիենտների բուժումը, եթե այն ներթափանցի Հայաստան
Հայաստանի բուժկենտրոնների ինֆեկցիոն ծառայությունները ստացել են հավելյալ ցուցումներ՝ կապված նրա հետ, թե կորոնավիրուսով պացիենտների հայտնաբերման դեպքում ինչ պետք է անել, ինչ թեստավորում անցկացնել եւ ինչպես բուժել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր լինեն, ապա այդ պացիենտներին կբուժեն որոշ հիվանդանոցների ինֆեկցիոն ծառայություններում: Եթե դեպքերը շատ լինեն, ապա անհրաժեշտության դեպքում կընդլայնեն հիվանդանոցների ցուցակը:
Նախարարը հիշեցրեց, որ կորոնավիրուսի հատուկ բուժում դեռ գոյություն չունի, եւ պացիենտներին սիմպտոմատիկ բուժում է առաջարկվում՝ ջերմության իջեցում, հակաբակտերիալ դեղեր, եթե պացիենտի մոտ բակտերիալ ինֆեկցիա է առաջացել եւ այլն:
Այսօր աշխարհում կորոնավիրուսի դեմ թեստավորում են մի քանի հակավիրուսային դեղեր (հեպատիտների, ՄԻԱՎ-ի դեմ եւ այլն), սակայն դեռ դրանց արդյունավետությունը չի ապացուցվել:
Նախարարը հիշեցրեց, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ եւ քիչ է տարբերվում H1N1 գրիպից: Բարդացումների ռիսկը մեծ է քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ: Նման մարդկանց խորհուրդ է տրվում չափազանց զգույշ լինել: