Թրամփը սպառնացել է շարունակել լրատվամիջոցներին դատի տալ զրպարտելու պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կշարունակի դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնք իրեն ուղղված զրպարտանքով հոդվածներ են հրապարակում: Նա Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է մեկնաբանել իր նախընտրական շտաբի որոշումը The New York Times պարբերականին դատի տալու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հայցվորի կարծիքով՝ վերլուծական հոդվածներից մեկում պարբերականը ներկայացրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Դրանք վերաբերել են Ռուսաստանի հետ նախընտրական շտաբի ենթադրյալ կապերին եւ 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացի վրա ազդելու՝ Մոսկվային վերագրվող փորձերին, ամերիկյան կողմից պատժամիջոցային ռեժիմի մեղմման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման դիմաց:
«Եթե հոդվածը կարդաք, ապա կհասկանաք, որ այն մեկնաբանություններից դուրս է: Դա մեկնաբանություն չէ, դա ինչ-որ ավելին է, քան պարզապես մեկնաբանությունը: Նրանք անչափ վատ են վարվել, եւ ավելի շատ [հայցեր] կլինեն»,- նշել է Թրամփը:
Նրա խոսքով՝ խոսքը «արմատապես կեղծ մեկնաբանությունների» մասին է, իսկ «Նյու Յորք թայմսը» վերջին տարիներին հաճախ է սուտ բաներ հրապարակել: «Թող հիմա դա գործի դատարանների միջոցով»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Հոդվածը, որին խոսքը վերաբերում է, հրապարակվել է 2019 թվականի մարտի 27-ին պարբերականի էլեկտրոնային տարբերակում: Հեղինակը այս պարբերականի նախկին գլխավոր խմբագիր (1986-1994 թվականներին) Մաքս Ֆրանկելն է:
2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին միջամտություն են մեղսագրում ԱՄՆ հատուկ ծառայությունները: Այդ՝ իբր տեղ գտած ազդեցության փորձերի քննությամբ գրեթե 2 տարի զբաղվել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: Նա, մասնավորապես, քննել է ՌԴ իշխանությունների եւ հանրապետական Թրամփի միջեւ ենթադրյալ դավադրությունը: Մյուլլերն արդյունքում ընդունել է, որ ոչ մի դավադրություն չի եղել: Թրամփը բազմիցս հերքել է ընտրարշավի ժամանակ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ որեւիցե ոչ իրավաչապ շփումների կասկածները: Մոսկվան եւս բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին եզրահանգումները: