Եթե Դուք ցանկանում եք ասել «Ես չեմ կարողանում առանց…» և դա թթվածին, ջուր, սնունդ կամ օրգան չէ, ուրեմն Դուք կախվածության մեջ եք գտնվում
Հաճախ երգերում, հայտնի մարդկանց հարցազրույցներում, գրական ստեղծագործություններում (հատկապես պոեզիայում), անգամ գովազդում կարելի է լսել այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «Ես առանց քեզ չեմ կարող», «Դու իմ կյանքն ես», «Առանց քեզ ես կմահանամ», «Դու ինձ պետք ես օդի պես» և այլն: Եվ շատերն այս նախադասություններն ընկալում են որպես «իրական սիրո» չափանիշ և երազում՝ «ա՛յ թե ես էլ հանդիպեի մեկին, ով ինձ նման կերպ կվերաբերվեր»: Դեպի հասունություն և ինքնուրույնություն ուղղորդող հոգեբանության տեսանկյունից նման արտահայտություններն անվստահություն են ներշնչում՝ ուրիշ մարդուց կախվածության տանող հարաբերությունների հնարավոր զարգացման առումով: Եթե Դուք սովոր եք Ձեր սերն արտահայտել այս կերպ, ապա ուշադրություն դարձրեք, թե արդյո՞ք նույն կերպ են հնչում «Ես չեմ կարող առանց քեզ» և «Ես ցանկանում եմ քեզ հետ լինել» արտահայտությունները: Բարձրաձայն կամ մտքում արտասանեք դրանք և ուշադրություն դարձրեք դրանց հանդեպ Ձեր ռեակցիային: Դրանցից որի՞ հետ եք համաձայն: Որի՞ հանդեպ եք կասկած կամ անվստահություն զգում: Որի՞ հետ եք ցանկանում վիճել: Ժամանակն է մի քիչ զրուցել «կախվածություն» հասկացության մասին: Իրական կամ առաջնային կախվածությունը մարդուն կապում է մի բանի հետ, ինչը գտնվում է նրանից դուրս և առանց որի նրա գոյությունը դատապարտված է մահվան: