Եվրոպացիները ցանկանում են պահպանել միջուկային համաձայնագիրը. Աբաս Արաքչի
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական կողմերը մտադիր են պահպանել համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին Վիեննայում համատեղ հանձնաժողովի նիստից հետո, հայտնում է IRNA-ն:
«Եվրոպացիները ցանկանում են պահպանել ԳՀՀԾ-ն, եւ կարեւոր է ընդգծել, որ ԳՀՀԾ-ն դեռ ողջ է, չնայած Միացյալ Նահանգների կողմից առավելագույն ճնշմանը` ոչ միայն Իրանի, այլեւ` Եվրոպայի վրա»,- ասաց Արաքչին:
«Այո, Իրանը հայտարարել է պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլի մասին (ԳՀՀԾ-ի շրջանակներում), բայց գործարքի բալանսը ինչ-որ կերպ պահպանվել է, չնայած, ցավոք` ոչ այն մակարդակի վրա»,- հավելել է նա:
Նա նաեւ մատնանշել է գործարքին մասնակցող երկրների տարաձայնությունները ԳՀՀԾ- ի շուրջ վեճերը լուծելու մեխանիզմ գործարկելու կապակցությամբ, բայց շեշտել է, որ այս հանդիպմանն այդ հարցը չի շոշափվել:
Նշենք, որ այսօր` փետրվարի 26-ին, Վիեննայում կայացել է ԳՀՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի նիստը: